Փետրվարի 14-ին Ղազախստանի ժողովրդի ասամբլեան (նախագահին կից գործող խորհդատվական մարմին է) երկրում վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին միաձայն որոշում է ընդունել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ընտրությունների օրը դեռեւս նշանակված չէ, իսկ Ասամբլեայի անդամների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ «Երկրի նախագահին, սպասվող տնտեսական ճգնաժամին ընդառաջ, համազգային վստահության նոր մանդատ տալու նպատակով»:

«Սպասվում է, որ 2016թ.-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր բարձրագույն կետին  կհասնի  եւ, հաշվի առնելով  միջազգային բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, այս նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է»,- պարզաբանել է սենատոր Կուանիշ  Սուլթանովը:

Երկրի արտգործնախարար  Երլան Իդրիսովն էլ վստահություն է հայտնել, որ վաղաժամ ընտրությունների անցկացումը որեւէ ձեւ չի վնասելու Ղազախստանի միջազգային հեղինակությունը:

«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր միջազգային հեղինակության վրա որեւէ կերպ չեն ազդելու: Սա մեր ինքնակամ  որոշումն է: …. Մեր ժողովրդի որոշումն է, ուստի   արտասահմանյան երկրները որեւէ  կապ չունեն դրա հետ»,-ասել է նա:

Իդրիսովը նաեւ լիահույս է, որ արտասահմանյան երկրները պաշտպանելու են Ղազախստանի ժողովրդի կամքը:

 «Եթե մեր ժողովուրդը ցանկություն հայտնի ընտրություններ անցկացնել այն ժամանակ, երբ ինքը հարմար է գտնում, ապա, իմ կարծիքով, դա չի ազդի արտասահմանյան երկրների հետ մեր հարաբերությունների վրա: Ավելին, իմ կարծիքով, ավելի շատ հստակություն եւ կանխատեսելիություն կմտցվեն այդ հարաբերություններում»,-ասել է նա:

Արտգործնախարարը նաեւ նշել է, որ ընտրություններն անցկացվելու են միջազգային բոլոր նորմերին համապատասխան: «Վերջնական որոշում ընդունելուն պես մենք, որպես դիվանագիտական գերատեսչություն,  անմիջապես կաշխատենք միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի հետ, քանի որ մեզ անհրաժեշտ կլինի ապահովել միջազգային հանրության կողմից դիտորդական առաքելության բաց եւ թափանցիկ իրականացումը»,-ասել է նա:

Ղազախստանում նախորդ նախագահական ընտրությունները եւս վաղաժամ են անցկացվել՝ 2011թ.-ի ապրիլին: Նուրսուլթան Նազարբաեւը հաղթել է 95,5 տոկոս ձայնով:

Վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը ներկայացվել է Ղազախստանի խորհրդարանի  ստորին պալատի քննարկմանը, խորհրդարանականների ձայների մեծամասնությունը ստանալու  դեպքում  կնշանակվի  ընտրութլունների օրը: