Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները փետրվարի 15-ին սահմանամերձ Չինարի գյուղում էին։ Նրանք այցելել էին Գեւորգ Պետրոսյանի երիտասարդ ընտանիքին։ Գեւորգ Պետրոսյանը երկու երեխաների հայր է, նրանցից մեկը՝ նորածին։ Նրա տունը գտնվում է հակառակորդի դիրքերին դեմ-հանդիման՝ մշտական կրակի տակ։ Ուստի Պետրոսյանները ստիպված թողել են իրենց տունը եւ տեղափոխվել հարազատներից մեկի ավելի ապահով բնակարան։ Գեւորգ Պետրոսյանը հորը վաղուց է կորցրել, դժվարություններով է մեծացել` անչափահաս տարիքից հովվություն, հնարավոր ու անհնար ամեն գործ անելով, ուսում է ստացել, ընտանիք կազմել։ Այժմ աշխատում է Չինարիի գյուղապետարանում։ ՀԵՀ-ը Գեւորգ Պետրոսյանի ընտանիքին այցելել էր սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում։

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը տեղեկացրեց, որ ՀԵՀ կամավորները բարեգործական ակցիայի շրջանակներում ձեռք են բերել նաեւ բավականին քանակությամբ նոր տաք հագուստ, որն էլ հանձնվել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին՝ համագյուղացիներին փոխանցելու համար։ Կարեն Իսկանդարյանը նշում է, որ իրենք հաճախ են լինում սահմանապահ համայնքներում` հասկանալու այդտեղ առկա խնդիրներն ու դրանց հնարավորության սահմաններում լուծում տալու համար։

ՀԵՀ ներկայացուցիչը նաեւ նկատում է, որ չինարեցին կանգնած է զինծառայողների կողքին, եւ մի զինվոր էլ նա է։ Կարեն Իսկանդարյանը մեջբերում է գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքերը. «Հայրենիքը սկսվում է ոչ միայն Չինարիից, այլեւ այն սիրելուց. չսիրողի համար հայրենիքը չեղած կատեգորիա է»։

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այս ուսումնական կիսամյակում ՀՀ կառավարության եւ ԿԳՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կփոխհատուցի Չինարիում եւ մի շարք այլ սահմանամերձ համայնքներում բնակվող ուսանողների ուսման վարձը։