Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ափսոսանք է հայտնել իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի հայտարարության կապակցությամբ, որով Իսրայելի վարչապետը կոչ է արել Եվրոպայի հրեաներին տեղափոխվել եւ բնակություն հաստատել պատմական իրենց հայրենիքի տարածքում։

Իսրայելի  վարչապետը նման հայտարարությամբ էր հանդես եկել  Կոպենհագենի հրեական սինագոգի վրա շաբաթ երեկոյան կատարված հարձակումից հետո, որի հետեւանքով, զոհվել էր տեղի հրեական համայնքի մի ներկայացուցիչ։ Դանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգությունը Եվրոպայում հրեաների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների շարունակությունն էր։ Անցյալ տարվա մայիսին հարձակում էր տեղի ունեցել Բրյուսելի հրեական թանգարանի վրա, որի հետեւանքով սպանվել էին երկու իսրայելցի զբոսաշրջիկ։ Իսկ հունվարին Փարիզի հրեական սուպերմարկետներից մեկի վրա կատարած հարձակման հետեւանքով զոհվել էին 4 հրեա։

«Ես ցանկանում եմ Ֆրանսիայում բնակվող հրեաներին ասել հետեւյալը. Ֆրանսիան տուժել է այնպես, ինչպես որ դուք, եւ Ֆրանսիան չի ցանկանում, որ դուք հեռանաք այստեղից։ Ցավում եմ Բենիամին Նեթանյահուի արած հայտարարության կապակցությամբ։ Եթե Դուք նախընտրական քարոզարշավ եք տանում, դա դեռ չի նշանակում, որ կարող եք Ձեզ նման արտահայտություններ թույլ տալ։ Ֆրանսիայի հրեաների տեղը Ֆրանսիան է»,- ֆրանսիացի վարչապետի  խոսքերը մեջբերում է AFP-ն։

Կիրակի Իսրայելի կառավարությունը հաստատել էր Ֆրանսիայից, Բելգիայից եւ Ուկրաինայից հրեաների արտագաղթը խթանելու ծրագիրը, որի ֆինանսավորումը (46 մլն դոլար) ստանձնում է Իսրայելի պետական բյուջեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։