«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է անձնական վիրավորանքների դաշտ չմտնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողներին ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդի քննադատությանը։

«Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ գործազրկություն կա, աղքատություն կա, ներդրումներ չկան։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Բացի դրանից՝ մենք Ազգային ժողովում շատ կոնստրուկտիվ ենք եղել, վերջին երկուսուկես տարիներին ավելի քան քառասուն օրինագիծ ենք ներկայացրել»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ ՀՀ նախագահի ելույթը «մի քիչ վաղ էր»։

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ իրենց քաղաքական ծրագրում ոչինչ չի փոխվել, պարզապես ժամկետից մի քիչ առաջ են անցել։

«Մենք նախատեսում էինք այս ամենը, սակայն մարտի կեսերին։ Բայց քանի որ ելույթը հիմա հնչեց, ապա մենք հիմա արդեն գնում ենք արտահերթ իշխանափոխության»,- նշեց Միքայել Մելքումյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի խոսքով էլ՝ քաղաքականության մեջ պետք է նախ եւ առաջ գործի բարոյականությունը. «Չեմ բացառում, որ սա քաղաքական խաղ է՝ հստակեցնելու դաշտը երկու կուսակցությունների միջեւ։ Այստեղ ինձ համար ակնհայտ է՝ այս կուսակցությունների հետեւում երկու անձ է՝ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Ու առհասարակ, ԲՀԿ-ն երեք բան ունի՝ փող, ՀԱՕԿ եւ Գյումրիի քաղաքապետ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։