ՀՀ նախագահի ելույթի առաջատար մոտիվը ազգային անվտանգության խնդիրն էր։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչով էր պայմանավորված հենց այս պահին նախագահի ելույթի անհրաժեշտությունը։
Հարությունյանի խոսքով՝ այնպիսի զուսպ, համբերատար, հավասարակշռված քաղաքական եւ պետական գործիչը, ինչպիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ստիպված էր կոշտ ելույթ ունենալ։ «Ես կարծում եմ, որ դրա պատճառը հետեւյալն է. փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի կոնֆերանսի ժամանակ դե ֆակտո ամենաուժեղ ընդդիմադիր խմբակցության առաջնորդը առաջին անգամ հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական ծրագրի մասին։
Ի՞նչ է դա նշանակում։ Մենք գիտենք, որ դա նշանակում է հասնել իշխանափոխության առաջին հերթին լուրջ քաղաքական եւ քաղաքացիական ցնցումների գնով։ Հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանի դեպքում դա ազգային անվտանգության տեսանկյունից մտավախություն չի՞ առաջացնի։ Նման ներքաղաքական գործընթացներն, անկասկած, հղի են անկանխատեսելի հետեւանքներով»,- հայտարարել է Հարությունյանը։





























