Ես վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում, դեպքերի նման զարգացման համար նախադրյալներ չկան, թեեւ կուլիսներում նման խոսակցություններ գնում են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կարեւոր օղակ դառնալ ԲՀԿ-ի եւ իշխանության միջեւ կառուցողական համագործակցության հարցում:
«Ցավոք, ԲՀԿ-ն ըստ արժանվույն չգնահատեց Հովիկ Աբրահամյանի խիստ արձագանքը փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովից հետո: Փոխանակ խորհրդակցելու այն մարդու հետ, որն ամենավստահելին կարող էր լինել իրենց համար, նրանք մեկնեցին Մոսկվա»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ Մոսկվա այցելությունը ավելի քան անհանգստացնող գործոն է:
«Մենք բոլորս հասկանում ենք, ինչու են նրանք մեկնել Մոսկվա: Դա ես համարում եմ անտեղի»,-ընդգծել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը:





























