Ֆրանսիայում գրոհայինների հարձակման սպառնալիքը շատ բարձր է մնում, եւ անվտանգության ուժեղացված միջոցառումները կգործեն այնքան, որքան անհրաժեշտ է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
«Մենք կերկարաձգենք այդ միջոցառումների ժամկետն այնքան, որքան անհրաժեշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքն այսքան մեծ է»,-ասել է Վալսը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Դանիայում մշակույթի կենտրոնի եւ սինագոգի դեմ հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Կոպենհագենի սինագոգում միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Կրակոցների հետեւանքով երկու ոստիկան էր վիրավորվել, մեկ մարդ մահացել էր: Դրանից մի քանի ժամ առաջ անհայտ անձինք կրակ էին բացել Կրուտենդենի մշակույթի կենտրոնում, որտեղ կրոնի եւ խոսքի ազատության թեմայով սեմինար էր ընթանում: Սեմինարին մասնակցում էր Ֆրանսիայի դեսպանը եւ շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլկսը: Կրակոցներից զոհվել էր մեկ, վիրավորվել 3 մարդ:





























