Փետրվարի 5-ին ոչ իշխանական ուժերի խորհրդակցության ժամանակ հնչած միտքը, թե որեւէ անզգույշ արտահայտություն փողոց կհանի հարյուր հազարավոր մարդկանց, ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանի իշխանություններին կարգի հրավիրելու բաց ուղերձ։ Այս մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Հարց է առաջանում. իրեն նման իրավունք վերապահող մարդը արդյոք իր անցյալով, գործունեությամբ եւ հասարական կյանքում ունեցած ներդրումներով վաստակել է այդ իրավունքը։ Հայաստանի նախագահի հռետորաբանության հասցեատերը պարոն Ծառուկյանը չէր եւ ոչ էլ նրա մտերիմ քաղաքական շրջանակը։ Իրական հասցեատերերը քաղաքացիներն են, որոնք այսօր առկա դժվարությունների պատճառով կարող են մաս դառնալ այն քաղաքական գործընթացի, որի ավերիչ հետեւանքների մասին պատկերացում անգամ չունեն։ Հետեւաբար, ՀՀ նախագահը՝ իբրեւ երկրի ազգային անվտանգության պատասխանատու, ընդամենը կանխարգելիչ քայլ է ձեռնարկել»,- ասել է Հարությունյանը։
Ի պատասխան այն նկատառմանը, թե իրավունք չունեն արդյոք ՀՀ քաղաքացիները, հաշվի առնելով գոյություն ունեցող խնդիրները, երկրի իշխանություններին կարգի հրավիրել, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պատասխանատվության կոչել իշխանություններին։ Այդ նպատակով կազմակերպվում են ցույցեր, ակցիաներ, երթեր։ Դրանց իմաստը նրանում չէ, որ փորձեն բռնի ուժով կյանքի կոչել քաղաքական նպատակները, այլ փորձեն հանրությանը ներկայացնել սեփական դիրքորոշումը եւ ապահովել հասարակության կարծիքը, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն։ Մնացյալ բոլոր գործընթացները կհանգեցնեն ուկրաինական սցենարի կրկնությանը Հայաստանում»։
Նշենք, որ պատգամավորը չի բացառել այդ սցենարի կրկնությունը Հայաստանում։
«Սակայն ազգային անվտանգության սպառնալիքի տակ ձեռք բերած ոչ մի իշխանափոխություն չի կարող արդարացված լինել։ Ես չեմ կարծում, որ մենք սպառել ենք քաղաքական բանակցությունների ուղիները»,- հայտարարել է Խոսրով Հարությունյանը։





























