Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայով պահանջեցին պարտքերի վճարման հստակ ժամանակացույց սահմանել:
«Տասը օր առաջ մենք նամակ էինք ուղղել նախագահին, որի պատասխանում ժամանակացույցի վերաբերյալ ոչինչ չկա: Ասել են՝ աշխատավարձերը կվճարեն միայն գույքի օտարումից հետո, ինչը կարող է տարիներ տեւել: Անհնար է այդքան սպասել»,- լրագրողներին ասաց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Բողոքող Նաիրիտցիներին մոտեցավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը նրանց տեղեկացրեց, որ նախագահին ուղղված նամակը վերահասցեագրվել է նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից դեռ պատասխան չկա: Ալեքսանդր Ղազարյանը բողոքողներից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց՝ պարտքերի մարման հստակ ժամանակացույց սահմանելու եւ այն նրանց ներկայացնելու համար:
Նաիրիտցիները կառավարությանը մինչեւ ուրբաթ ժամանակ տվեցին, իսկ մինչեւ այդ որոշեցին ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության շենքի մոտ: Բողոքի ակցիան այսօր այդքանով ավարտվեց:





























