Լուսնային օրացույցով չինական Ամանորից նախաշեմին, որը 2015 թվականին նշվելու է փետրվարի 19-ին, Հոնկոնգի եւ Սինգապուրի հիվանդանոցներում հղի կանանց հոսք է սկսվել, որոնք կեսարյան հատում են ցանկանում: Այս մասին գրում է The South China Morning Post-ը:
Համարվում է, որ հեռացող Ձիու տարում ծնված երեխաներն ավելի ուժեղ եւ առողջ են լինում, քան եկող Այծի տարվա ընթացքում ծնվածները: Բժիշկները նշում են, որ ավելի «հաջողակ» ժամանակահատվածում երեխա ունենալու պրակտիկան նոր չէ:
Մանկաբարձ-գինեկոլոգ Կուն Կա-յանի խոսքով, այս շաբաթ սովորականից 20%-ով ավելի շատ ծննդաբերություն է ծրագրված, ընդ որում, մեծ մասը՝ կեսարյան հատմամբ:
Ըստ Newsru-ի, միջազգային ապահովագրական ALC Health ընկերության տնօրեն Էնդրյու Էպսը նաեւ նշել է, որ ամանորի նախաշեմին կեսարյան հատմամբ ծննդաբերությունների թիվը Հոնկոնգում վերջին տարիներին աճել է: Նա նաեւ ընդգծել է, որ ժամանակից շուտ լույս աշխարհ եկող երեխաներն ավելի հակված են տարատեսակ առողջական խնդիրների:
Նույն իրավիճակն է նաեւ Սինգապուրում: Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ անցյալ ամռանը կառավարությունը հատուկ նվերներ է խոստացել այն երեխաներին, որոնք կծնվեն քաղաք-պետության 50-ամյակի տարվա ընթացքում:





























