Հայաստանի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը լուրջ քայլ է եւ պատասխան թուրքական ղեկավարության ոչ կառուցողկան մոտեցումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
Բնականաբար, ըստ պատգամավորի, հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը տակտիկական քայլ էր հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ այն հանգամանքի ֆոնին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է խամրեցնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանակությունը եւ փոխում է Գալիպոլիի ճակատամարտի օրը եւ այդ առիթով փորձում է տոնական միջոցառումներ կազմակերպել:
Անդրադառնալով հարցին, թե որն է լինելու հայկական կողմի հաջորդ քայլը, Շիրակ Թորոսյանը նշեց. «Հայաստանը գնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որպեսզի համաշխարհային հանրությանը հերթական անգամ ծանոթացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Միջոցառումների գագաթնակետը կլինի ապրիլի 24-ը, եւ դա շարունակություն կունենա այնքան ժամանակ, մինչեւ մենք կհասնենք մեր խնդրի արդարացի լուծման»:
Ինչ վերաբերում է արձանագրությունների հետկանչի առնչությամբ Անկարայի հնարավոր արձագանքին. պատգամավորը փաստեց, որ վերջին շրջանում Թուրքիայի քայլերը համարժեք չեն հայկական կողմի գործողություններին:
«Թուրքիան հայտնվել է բավական բարդ իրավիճակում. գոյություն ունի պատմական արդարություն, գոյություն ունի պատմական ճշմարտություն: Պրոգրեսիվ մարդկությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Շատ երկրներ ճանաչել են, որոշները՝ ոչ, ելնելով միայն սեփական շահերից: Սակայն Թուրքիան շատ լավ հասկանում է, որ նրանք դա գիտակցաբար չեն անում, քանի որ որոշակի շահեր են հետապնդում»,- ընդգծեց Շիրակ Թորոսյանը:
Բայց այդ նպատակները հավերժական չեն, դրանք ժամանակավոր են: Ի վերջո, պատգամավորի համոզմամբ, կգա ժամանակ, երբ նույնիսկ քաղաքականության եւ դիվանագիտության մեջ կհաղթանակեն բարոյական արժեքները: «Եվ առաջին հարցը կվերաբերի հենց ցեղասպանությունների դատապարտմանը, որպեսզի նոր ցեղասպանությունների համար նոր առիթներ չստեղծվեն»,- ամփոփեց Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով դիմել է Ազգային Ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին:





























