Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականն անդրադարձել է Մոսկվայում 7-ամյա երեխայի եւ նրա մոր սպանության համար ձերբակալված Խորեն Ղազարյանի աղմկահարույց գործին։

Ինչպես գրում է թերթը, Խորենն ու Վիկտորյան քաղաքացիական ամուսիններ էին։ Մինչ այդ Խորեն Ղազարյանը երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա մայրը հաճախ էր քննադատում որդուն, թե ինչու նա չի ցանկանում օրինականացնել իր հարաբերությունները կնոջ հետ։ Սակայն ընտանեկան վեճերի մասին գրեթե ոչ ոք չգիտեր. Վիկտորյան տան խոսակցությունները դուրս չէր հանում։ Իրավապահների կարծիքով, ամուսինների մեջ վերջին վեճի առիթ կարող էր դառնալ Սուրբ Վալենտինի օրը Խորենի ուշ վերադարձը տուն։ Վիկտորյան, ըստ երեւույթին, սպասել էր նրան. կնոջը գտել էին ջինսե տաբատով եւ տնային հագուստով։

Պարբերականը հաղորդում է, որ հարցաքննության ժամանակ Ղազարյանը իրեն հանգիստ է պահել։ Նրան աջակցություն հայտնելու էին եկել տասնյակ հարազատներ եւ ծանոթներ։ Դատական նիստից առաջ նրանք պաշտպանել են մեղադրյալին լրագրողների հարցերից։ Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե ինքն իրեն մեղավոր ճանաչու՞մ է, նրա աջակիցները վրդովվել են եւ պահանջել հանգիստ թողնել մարդուն, որը կորցրել է բոլոր հարազատներին։

Ղազարյանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ, թե ով է սպանել իր կնոջն ու դստերը։ 

Քննիչի կարծիքով՝ 51-ամյա գործարար Խորեն Ղազարյանը տեղի ունեցած վեճից հետո սպանել է իր կնոջը՝ Վիկտորյա Կարագուլյանին եւ 7-ամյա աղջկան։ Փետրվարի 13-ի երեկոյան տղամարդը գնացել էր թղթախաղ խաղալու, իսկ երբ տուն էր վերադարձել գիշերը, նրան ներս չէին թողել եւ չէին պատասխանել նրա հեռախոսազանգերին։ Ենթադրաբար, նա իջել է ստորգետնյա ավտոտնակ եւ քնել շմեքենայի մեջ։ Հաջորդ առավոտյան գործարարը ամառային պատշգամբից մտել է տուն, վերելակով իջել իր առանձնատան առաջին հարկը, որտեղ եւ, ըստ հետաքննության վարկածի, տեղի է ունեցել սպանությունը։

Ըամաձայն նախնական վարկածի՝ առաջին զոհը եղել է նրա կինը։ Վիկտորյան վիրավորվել էր, սակայն հասցրել էր վազել մինչեւ 2-րդ հարկ, որի լոգասենյակում գտել էին նրա մարմինը։ Սպանությունից հետո Խորեն Ղազարյանը ցնցուղ էր ընդունել արյունից մաքրվելու համար։ Տղամարդը այս պահին ձերբակալված է։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալված տղամարդը հանդիսանում է «Մոբիլիֆտ Ռուսլանդ» խոշոր ընկերության գլխավոր տնօրենը, ունի բեռնատարների վարձակալությամբ եւ վաճառքով զբաղվող եւս մի քանի ընկերություն։

Ավելի վաղ հետաքննությունը վարկած էր առաջ քաշել, որ մայրը կարող էր ինքը սպանել երեխային եւ հետո ինքնասպան լինել։