ԱՄՆ Արեւմտյան Վիջինիայի նահանգում, փետրվարի 16-ին,  ռելսերից դուրս է եկել հում նավթ տեղափոխող գնացքը, հաղորդում է Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Չարլսթոնից 50 կմ դեպի հարավ-արեւելք:

Դեռեւս անհայտ պատճառներով ռելսերից դուրս է եկել գնացքի մի քանի վագոն, նավթով լի առնվազն մեկ ցիստեռն ընկել է Քանովա գետը, եւս երկու ցիստեռն պայթել է, որի հետեւանքով հրդեհվել է հարակից տունը:

Մյուս ցիստեռների պայթելու սպառնալիքի պատճառով դեպքի վայրը արգելափակվել է 2 կմ շառավղով, հարակից գյուղի բնակիչներին տարհանել են, հաղորդում է Fox News-ը:

Նախնական տվյալներով, նավթի մի մասը հայտնվել է գետում, աղտոտվածության աստիճանը ճշտվում է: Իշխանությունները չեն բացառում, որ մի քանի օր կարող է դադարեցվել ջրի մատակարարումը հարակից բնակավայրեր:

Առայժմ հրդեհը չի հաջողվում մարել: