Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, փետրվարի 16-ին, ցավակցական գիր է հղել Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թեւադրոս Բ-ին Լիբիայում ահաբեկիչների կողմից քսանմեկ ղպտի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:
Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել ղպտի քրիստոնյաներին, Եգիպտոսի ժողովրդին եւ սպանվածների ընտանիքներին:
Դատապարտելով իրականացված ոճրագործությունը` Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել միջազգային հանրությանը առավել ջանքեր գործադրել Միջին Արեւելքում արդարության եւ համերաշխության հաստատման համար, որպեսզի բացառվեն բռնություններն այն շրջաններում, ուր քրիստոնյաներն ու մահմեդականները դարեր շարունակ ապրում են խաղաղության եւ ներդաշնակության մեջ:





























