«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծնվել է Բաղրամյան 26-ում՝ Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդի քննադատությամբ տրվեց նախընտրական փուլի մեկնարկը։
«Ներընտանեկան կռիվ է, ես չեմ ցանկանում խառնվել։ Բայց ես բազմիցս ասել եմ, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ եւ ընդդիմադիր, դա բացառված է։ Կան խաղի կանոններ, որոնք թելադրում են լոգիկա»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերվում է կարծիքին, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Քոչարյանը եւ այս ամենն արվում է նրա վերադարձի համար, Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ դժվար թե ժողովուրդը ողջունի նրա վերադարձը։
«Չեմ կարծում, որ հասարակության հիշողությունն այսքան կարճ է։ Անձամբ չեմ պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Չի բացառվում, որ մի օր էլ կտեսնենք Քոչարյանին Մարտի 1-ի բացահայտում պահանջելիս»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























