Երեւանում, այս տարի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ են մեկնարկել. Պատճառը եղանակային բարենպաստ պայմաններն են: Այս մասին նշվել է քաղաքապետարանում կայացած հերթական  խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո, փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները:

Շինարարական կազմակերպությունները Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են 5 տարվա ընթացքում վերացնել փողոցներում ի հայտ եկած ցանկացած թերություն:

Կարճ ժամանակ անց արդեն կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Այս փուլում փոսալցված բազմաթիվ փողոցներ հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն հատվածային մասնակի կամ հիմնական նորոգման:

Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն: