Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ռիչարդ Միլսին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Վարչապետը կարեւորել եւ բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, բարեփոխումների իրականացմանը եւ տնտեսական զարգացմանը:

Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու եւ երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար: ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը եւ կարեւորում է փոխհարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում երկուստեք կարեւորվել է բարեփոխումների իրականացման, ներդրումների ներգրավման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման ուղղությամբ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: Այս առումով ընդգծվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը:

Հովիկ Աբրահամյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության կայացման հարցերին: Դեսպան Միլսի խոսքով՝ ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության կայացման ցուցանիշը Հայաստանում բարձր է, եւ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող քայլերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ եւ շահագրգռված է հասարակական կարեւոր խնդիրների քննարկման գործընթացներում նրանց ներգրավմամբ:

Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային իրավիճակին, զարգացումներին եւ այդ համատեքստում կարեւորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը եւս մեկ անգամ վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու եւ հայ-ամերիկյան կապերն ավելի սերտացնելու ուղղությամբ: