Հասկանալի է, որ երբ երկրի երկու խոշոր քաղաքական ուժերը (ՀՀԿ եւ ԲՀԿ) գնում են բացահայտ առճակատման, դա մեծացնում է նաեւ երրորդ քաղաքական կուսակցությունների դերը, լինի դա ՀԱԿ-ը թե ՀՅԴ-ն։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա կարծիքով՝ բնական է, որ այդ ուժերը պետք է կարողանան այս կամ այն կերպ արձագանքել իրադարձություններին։ «ՀՅԴ-ի դեպքում լուրջ խնդիր կարող է դառնալ այն փաստը, թե կարող են իրենք արդյոք համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այն դեպքում, երբ վերջինս աշխատում է ՀԱԿ-ի հետ միասին։ Դժվար է քաղաքական նույն հարթակին պատկերացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Մյուս կողմից, առավել դժվար է Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին նույն քաղաքական ճամբարում պատկերացնել։ Եթե մոտ օրերս ՀՀԿ-ն եւ ԲՀԿ- ն կուլիսներում համաձայնության չգան, Հայաստանում շատ հետաքրքիր քաղաքական գործընթացներ կընթանան։ Իշխանությունները, օգտագործելով իրենց վարչական ռեսուրսները, կփորձեն թուլացնել, ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այնպես էլ նրա խորհրդարանական խմբակցությունը»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։





























