Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում օրերս ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդու հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, որից հետո աշխատանքից ազատվել է դպրոցի դաստիարակչության գծով փոխտնօրեն, աշխարհագրության ուսուցչուհի Արմինե Սեյրանյանը։ NEWS.am-ը այսօր՝ փետրվարի 17-ին, փորձեց տեղեկանալ կատարվածի մասին եւ հակասական մեկնաբանություններ ստացավ դպրոցի տնօրենի եւ միջադեպին մասնակից աշակերտների կողմից։
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրեն Լիանա Աշրաֆյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի որդու հետ կապված միջադեպից հետո են ուսուցչուհուն աշխատանքից ազատել։ Նրա խոսքով՝ ուսուցչուհին աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։
«17 տարի աշխատել ենք, ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի վիճաբանություն, չեմ կարող ասել ազատման դիմումի պատճառը, նա անձնական խնդիրներ է ունեցել, ամուսինն է մահացել վերջերս, միգուցե այդ պատճառով։ Իսկ Արամայիս Գրիգորյանի որդու հետ կապված մենք կոնկրետ ոչ մի խնդիր չենք ունեցել»,-ասաց Լիանա Աշրաֆյանը։
Տնօրենի խոսքով՝ եթե ուսուցչուհին հետագայում որոշի վերադառնալ, իրենք պատրաստ են նորից միասին աշխատել։
Անդրադառնալով միջադեպին՝ դպրոցի տնօրենը պատմեց, որ դպրոցի 8-րդ դասարանի մի քանի տղաներ ինչ-որ խնդրի շուրջ փորձել են պարզաբանում ստանալ 7-րդ դասարանի տղաներից, եւ նրանց հետ հանդիպում են կազմակերպել։
«Արմինե Սեյրանյանը երեխաներին դասարան է տրամադրել եւ նրանց հետեւել, որպեսզի քաշքշուկ չլինի։ Երեխաները նախարարի որդու հեռախոսն են պահանջել, որպեսզի նրա ֆեյսբուքյան էջը ստուգեն, նա էլ չի տվել՝ ասելով, որ իր մոտ հասարակ հեռախոս է, եւ դրանից վիրավորվել է»,- պատմեց տնօրենը՝ նշելով, որ նախարարի որդին բավականին դաստիարակված, օրինակելի աշակերտ է։
NEWS.am-ը տնօրենի թույլտվությամբ զրուցեց նաեւ միջադեպի մասնակից աշակերտների հետ, որոնք այլ կերպ ներկայացրեցին տեղի ունեցածը։ Նրանց խոսքով՝ նախարարի որդին՝ Թեմուր Գրիգորյանը, կռվարար տղա է եւ կոնֆլիկտ է ունեցել ինչպես իր համադասարանցիների, այնպես էլ իրենից բարձր ու ցածր դասարանների աշակերտների հետ։
«Ֆեյսբուքի անհայտ պրոֆիլից մեզ բոլորիս վիրավորական բաներ էին գրել, կոնկրետ վիրավորել էին մեր ծնողներին։ Մենք ուզում էինք այդ հարցը դրսում լուծել, բայց ընկեր Սեյրանյանը չթույլատրեց, որ քաշքշուկ կամ ծեծկռտուք չլինի, ու ինքը անընդհատ հետեւում էր մեզ։ Մենք կասկածում էինք այդ դասարանի տղաներին, երեք տղաներից հեռախոսները ուզեցինք, հանգիստ տվեցին, հենց հերթը հասավ Թեմուրին, սկսեց անհանգիստ շարժումներ անել ու չէր ուզում հեռախոսը տար»,-պատմեցին տղաները՝ նշելով, որ Թեմուրի մոտ ոչ թե հասարակ, ինչպես պնդում էր տնօրենը, այլ թանկարժեք հեռախոս է եղել։
Տղաների խոսքով՝ այդ վիրավորանքների պատճառով նաեւ ծնողական ժողով է հրավիրվել, որին նախարարի տղան իր թիկնապահի հետ է ներկայացել եւ իրեն վատ պահել ժողովի ժամանակ։
«Ինքը մուննաթով էր խոսում, շատ վատ էր պատասխանում, որ իրեն հարց էին տալիս, չէր ուզում հեռախոսը տալ»,-պատմեցին երեխաները՝ նշելով, որ իրենք նախկինում էլ են Թեմուրի հետ կոնֆլիկտ ունեցել։
Երեխաների խոսքով՝ իրենք շատ են ափսոսում, որ միջադեպից հետո ուսուցչուհին՝ Արմինե Սեյրանյանը, աշխատանքից ազատվել է եւ ամեն ինչ անելու են ուսուցչուհուն վերադարձնելու համար։
«Շատ հանգիստ, ջերմ հոգատար ուսուցչուհի էր, մեզ եւ ընդհանրապես բոլոր դասարանների հետ շատ լավ էր, բացի ջանից ոչ մի բան չի ասել»,-ասացին նրանք։
NEWS.am-ին հաջողվեց նաեւ դպրոցում հանդիպել աշխատանքից ազատված ուսուցչուհուն, որը չցանկացավ որեւէ մեկնաբանությու տալ կատարվածին՝ ասելով. «Դուք արդեն ամեն ինչ գիտեք, պարզ չէ՞, չե՞ք հասկացել, թե ոնց է ամեն ինչ եղել»։
Նշենք, որ նախարարի որդու հետ չհաջողվեց զրուցել։ Փոխտնօրենի խոսքով՝ նրա դասերն արդեն ավարտվել էին։





























