Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդն անձամբ կարող է գալ Ստեփանակերտ եւ համոզվել, որ Ասկերովի եւ Գուլիեւի բանտային պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությունը, թե պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վիկտորյա Նուլանդը իբր հայտարարել է, որ «Հայաստանում պահվող ադրբեջանցի գերիները պետք է հետ վերադարձվեն»։
Բաբայանի խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցները մշակել են ապատեղեկատվության յուրահատուկ համակարգ՝ կապելով իրենց համար կարեւոր պահերը իրականում կարեւոր իրադարձություններին՝ աղավաղելով այդ կապակցությամբ արվող հայտարարությունները։ «Եթե նույնիսկ Վիկտորյա Նուլանդը նման հայտարարություն է արել, անհրաժեշտ է ընդգծել, որ առաջին հերթին, Հայաստանին այդ կապակցությամբ հիշատակելը տեղին չէ։ Խոսքը Ադրբեջանի քաղաքացիների մասին է, որոնց դեմ ԼՂՀ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ծանրագույն հանցագործությունների համար։ Այդ անձանց մեղքը հաստատվել է բաց եւ թափանցիկ դատավարության արդյունքում, որը լայնորեն լուսաբանել են լրատվամիջոցները։ Ավելին՝ դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքացիները հնարավորություն են ունեցել բողոքարկել վճիռը եւ օգտվել են այդ հնարավորությունից, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂՀ-ն հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին»,- ասել էԲաբայանը։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը ուրիշներին մեղադրելու բարոյական կամ որեւէ այլ իրավունք չունի։ «Թող Ադրբեջանի ղեկավարությունը Վիկտորյա Նուլանդին բացատրի, ինչու են այնտեղ Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում շնորհել։ Թող պատմեն, թե ինչ է կատարվում ադրբեջանական բանտերում պահվող հայերի հետ, ինչպես են հայերին սպանում, խոշտանգում, վաճառում նրանց օրգանները։ Մարդու օրգանների վաճառքը Ալիեւի կլանի համար ընտանեկան բիզնես է դարձել»,- հավելելէ Բաբայանը։ Մամուլի քարտուղարը Նուլանդին հրավիրել է այցելել Լեռնային Ղարաբաղ՝ անձամբ համոզվելու, որ Ասկերովի եւ Գուլիեւի բանտային պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ «Ինչ վերաբերում է այդ անձանց Ադրբեջանին հանձնելուն, ապա մենք պատրաստ ենք նրանցից մեկին փոխարինել Ռամիլ Սաֆարովի հետ»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում գերության մեջ է գտնվում է ԼՂՀ բնակիչ Արսեն Բաղդասարյանը։ Ադրբեջանի իշխանությունները մեկուկես ամիս է՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տալիս այցելել նրան։





























