Եռյակը  փետրվարի 23-28-ը Ազատության հրապարակում համապետական հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացնել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Երեւանի քաղաքապետարանից:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների գրության վերաբերյալ։

«2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունները գրություն են ներկայացրել Երեւանի քաղաքապետին, որում տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում` իրենց ներկայացմամբ շտապ հավաք անցկացնելու մասին:

Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետեւում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության նախագահի` դեռեւս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի եւ գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետեւում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:

Հետեւաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների պահանջներին եւ չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին: