«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում ժողովրդին այսպիսի այթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն: 

Նրանց տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հիմնադիր խորհրդարանը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու, որ մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում հաստատվել եւ հետզհետե խորանում է համակարգային ճգնաժամ, որը, մասնավորապես, բնութագրվում է հետեւյալ հիմնական հատկանիշներով.

• ժողովրդի իշխանության եւ երկրի տնտեսության մենաշնորհացում, արդարության եւ իրավունքի ոտնահարում, համատարած կոռուպցիա, կառավարիչների բացասական ընտրազատում,

• պետական կառույցների (բացի բանակից) նենգափոխում, ինչպես նաեւ դրանց եւ քաղաքական վերնախավի ապազգայնացում ու կամազրկում,

• վերագաղութացում (օտար ուժից քաղաքական եւ տնտեսական որոշումների կախվածության աստիճանի աճում) եւ Արցախի ու հայկական պետականության կորստի վտանգ,

• պատերազմի հավանականություն եւ դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգ:

Վարչախմբի նախաձեռնությամբ երկրի ներքին իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ նա ի վիճակի չէ դիմագրավել նշված համակարգային ճգնաժամը եւ փորձում է ավարտին հասցնել ժողովրդի իշխանության ու երկրի տնտեսության մենաշնորհացումը եւ հաստատել քաղաքական բռնատիրություն ու այսպես կոչված «մեկ օլիգարխի տնտեսություն»:

Իր հերթին՝ վարչախմբի թիրախ դարձած ուժը նույնպես ի վիճակի չէ մտածել ու գործել ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ նույն կերպ հակված է Արցախն ու մեր պետականությունը եւ երկրի բնական ու մարդկային ռեսուրսները օտարին հանձնելու դիմաց մասնաբաժին ստանալու գնով գաղութային վարչախմբի դերը ստանձնելուն:

Նման պայմաններում վարչախումբ – եռյակ հակամարտությունն էլ ավելի է սրելու այդ ճգնաժամը:

Մինչդեռ Հիմնադիր խորհրդարանի նպատակն է քաղաքական նոր խավի ձեւավորման, Հայաստանին Արցախի դե յուրե միավորման, ԵՏՄ-ից դուրս գալով եւ արտաքին հարաբերությունների հավասարակշռմամբ պետության սուբյեկտայնացման, տնտեսական ռեսուրսների եւ ստեղծվող հարստության ներդաշնակ բաշխման, դրանց՝ ընդհանուր բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ ազգի ու պետության բազմակողմանի անվտանգության համար օգտագործման,  հայրենադարձության եւ այլ համակարգային փոփոխությունների ճանապարհով նախադրյալներ ստեղծել նոր որակի ազգային պետության կառուցման համար:

Այդ պատճառով մենք մեր ժողովրդին կոչ ենք անում նման պայթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն: 

Միեւնույն ժամանակ՝ անկախ վարչախմբի թիրախ դարձած գործիչների եւ քաղաքացիների որդեգրած պայքարի նպատակների ու մեթոդների նկատմամբ մեր վերաբերմունքից, դատապարտում ենք նրանց դեմ կիրառվող հակասահմանադրական ու հակաիրավական գործողությունները:

Մեր ազգի եւ պետականության համար գոյութենական մարտահրավերներ առաջ բերած համակարգային ճգնաժամի հաղթահարումը մնում է որպես քաղաքական օրակարգի գլխավոր հարց:

Այդ հարցը հնարավոր է լուծել պետական կառավարման նորգաղութային համակարգի ապամոնտաժման եւ ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգ ձեւավորելու միջոցով, ինչը պետք է ամրագրվի ժողովրդի կամքն ու իշխանությունը հաստատող արտահերթ ընտրություններով: Մինչ այդ՝ հարկ կլինի հեռացնել ռեժիմին եւ նախապես սահմանված կարճաժամկետ անցումային փուլի ընթացքում ապահովել երկրի ապագաղութացումն ու  քաղաքական սերնդափոխությունը:

Ուստի Հիմնադիր խորհրդարանը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում նշված քայլերի իրականացման նպատակով օր առաջ ձեռնամուխ լինել ազգային-ազատագրական ճակատի ձեւավորման գործին»: