Փետրվարի 17-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հունվարի 27-ի համանախագահների հայտարարությունից, փետրվարի 7-ի ԵԱՀԿ գործող նախագահի եւ եռանախագահների հայտարարությունից հետո Բաքուն, բացահայտ արհամարհանք դրսեւորելով, շարունակել է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, սադրանքները եւ եռանախագահների կողմից մատնանշված անթույլատրելի հռետորաբանությունը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի մշակմանը իբր ձեռնամուխ լինելու մասին Բաքվի մտասեւեռմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: Բաքուն փորձում է օգտագործել իր իսկ պատճառով հակամարտության չլուծված լինելը՝ արդարացնելու համար երկրի ներսում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները, ընդդիմախոսների դեմ բռնաճնշումները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, եւ դրան իր համաձայնությունը տա նաեւ Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի միջեւ՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտերին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշեց, որ դրանք սնանկ են։

«Վերջիններիս հանցագործությունները փաստագրված եւ ապացուցված են, ներառյալ՝ նրանց կողմից տասնյոթ տարեկան պատանու առեւանգումը, խոշտանգումը եւ դաժան սպանությունը», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։