Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ միջազգային հարաբերություններում վստահության ճգնաժամը ավելի իրական է դարձնում գլոբալ ռազմական հակամարտության սպառնալիքը։ Նա կոչ է արել հրաժարվել աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու հնացած սովորույթից։

«Միջազգային հարաբերություններում վստահության ճգնաժամը ոչ միայն թուլացնում է ժամանակակից  սպառնալիքներին դիմակայելու երկրների կարողունակությունը, այլ  նաեւ իրական է դարձնում գլոբալ ռազմական հակամարտության սպառնալիքը»,- հայտարարել է Նազարբաեւը երեքշաբթի Աստանայում  օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նազարբաեւի կարծիքով՝ երկրագնդի վրա հակամարտության օջախների աճի պայմաններում «կենսականորեն կարեւոր խնդիր է միջազգային անվտանգության համակարգի ամրապնդումը»։ Նա նշել է նաեւ, որ պետությունները պետք է պահպանեն միջազգային պայմանագրերով ստանձնած իրենց պարտավորությունները։

«Վստահության վերականգման համար անհրաժեշտ է նորից  հաստատել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ շարունակել սերտ տնտեսական համագործակցությունը, որը հանդիսանում է անվտանգության պահպանման ամենաարդյունավետ միջոցը»,- նշել է Նազարբաեւը։