ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել  Երեւանի պետական բժշկական համալսարանի էլեկտրոնային գրադարանի նոր սրահի բացման արարողությանը: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը սա բուհում բացված երկրորդ ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած էլեկտրոնային սրահն է, որն հնարավարություն է տալիս քննությունները կազմակարպել  համակարգչային եղանակով.

«Քննությունների անաչառության  բարձրացման  կարեւոր նախապայմաններից մեկը մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է: Համակարգչային քննությունը թույլ  է տալիս գրեթե վերացնել անմիջական շփումը դասախոսի հետ `կտրուկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- իր խոսքում  նշել է  Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ նորաբաց սրահը նաեւ լրացուցիչ հնարավարություն է ուսանողների համար` մուտք ունենեալ էլեկտրոնային կրթական պաշարների ինտերնետ տիրույթ:

Նախարարի խոսքով` նորաբաց սրահում 100 համակարգիչներ են տեղադրված, որոնք հասանելի են ուսանողներին եւ կիրառվելու են ուսուցման գործընթացում: «Բուհական համակարգին ուղղված քննադատությունների մեջ հաճախ է շեշտվում այն հարցը, թե արդյոք թեստային մեթոդը գիտելիքի ստուգման լավագույն տարբերակն է: Պետք է նշեմ, որ այստեղ խնդիր  կա, որովհետեւ շատ տեղերում թեստերը կրում են մեխանիկական բնութ եւ թեստային առաջադրանքի հաջող լրացնելը միշտ չէ, որ կարելի է նույնացնել գիտելիքի հետ: Նույն խնդիրն ունենք նաեւ ընդունելության  քննությունների պարագայում, երբ դիմորդը պարապում է թեստերով եւ ոչ թե գիտելիքով: ճիշտ թեստեր կազմելը  միջազգային մանկավարժության մեջ առանձին գիտություն է, որն ենթադրում է կազմել այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս կբացահայտեն գիտելիքը: Սա թեստեր կազմող դասախոսներից պահանջում է լրացուցիչ հմտություն»,- նշել է նախարարը եւ հավելել, որ այս տեսանկյունից ԵՊԲՀ արդյունքները բավական տպավորիչ են:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է նաեւ, որ առաջարկություն կա ընդունելության քննությունները նույնպես ամբողջությամբ համակարգչային դարձնել, որպեսզի դիմորդները քննությունները հանձնեն օնլայն` համակարգչի առջեւ նսած՝ամբողջությամբ ավտոմատացված:

«Նախնական հետազոտություններն արված են` ՀԲ փորձագետների հետ համատեղ: Նման ծրագիր իրագործումը Հայաստանում գնահատվում է իրատեսական: Տրված է նաեւ համակարգի ներդրման ֆինանսական գնահատականը եւ ընդունելության քննությունների բարեփոխումների շրջանակում այս տարբերակը քննարկվում է` հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը»,- նշել է նախարարը` շեշտելով, որ բուհական ընթացիկ համակարգչային քննությունների մոդելներն այս իմաստով  արդյունավետ փորձ են ապահովում:

Անդրադառնալով լրագրողի ՝կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ դրանք  չեն վերացել, սակայն նվազել են. «Կոռուպցիոն ռիսկերի նվազումը հստակ արձանագրված է եւ՛ տեղական, եւ՛ միջազգային փորձագետների եւ հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում: Կոռուպցիոն ռիսկերի նվազումը միտում է, բայց վերջնական չէ, որովհետեւ ես վստահ չեմ, որ եթե մենք դադարեցնենք ճնշումները, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն: Ես կասկածում եմ, որ մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը հասել ենք բացարձակապես մշակույթ փոխելով: Վստահ եմ, որ սա լրատվամիջոցների, նախարարության, հասարակության համատեղ աշխատանքի, եւ ոչ մտածելակերպի փոփոխության արդյունքն է: Ցավոք, մենք դեռ չենք հասել մտածելակերպային կայուն փոփոխությունների»,- ասել է նախարարը եւ հավելել, որ  ոչ միայն դասախոսն է մեղավոր կոռուպցիայի մեջ, այլեւ ուսանողը, ով   շահագրգիռ  է այլեւայլ ճանապարհով գնահատական ստանալու մեջ:

Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է կրթական համակարգին վերաբերող տարբեր խնդիրների՝ մասնավորապես բուհերի կառավարմանն ու վարկանիշավորմանը, դպրոցներում կրթական գործընթացի կազմակարպմանը եւ այլ հարցերի: