Ադրբեջանում ազգային արժույթը՝ մանաթը, դոլարի փոխարժեքին կապելուց հրաժարվելու Կենտրոնական բանկի որոշումից հետո մայրաքաղաք Բաքվի բնակիչները սկսել են զանգվածային կերպով ազատվել ազգային արժույթից։ Ադրբեջանական Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ փետրվարի 16-ից «մանաթի կոնկրետ փոխարժեքի դեպքում փոխարժեքի երկկողմ թարգեթավորումից անցում է կատարում երկարժույթ զամբյուղի գործածմանը»։

Սկզբունքորեն երկարժույթ զամբյուղը օգտագործվում է ազգային արժույթի վրա համաշխարհային արժույթներից մեկի (դոլար կամ եվրո) տատանումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Այս որոշման սկզբնապատճառը նավթի համաշխարհային գների անկումն էր, իսկ նավթը Ադրբեջանի հիմնական արտահանվող ապրանքն է։ Անցյալ տարի, փորձելով պահպանել դոլարի հանդեպ ադրբեջանական մանաթի փոխարժեքը, Ադրբեջանի Կենտրոնական բանկը ծախսեց ավելի քան 1.4 մլրդ դոլար, իսկ այս տարվա հունվարին՝ գրեթե 1.1 մլրդ դոլար։ 

Անցյալ տարվա դեկտեմբերին ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ «ամեն անգամ նավթի գնի անգամ 10 դոլարով անկումը նվազեցնում է Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները 256 մլն մանաթով»։ Սակայն, դրա հետ մեկտեղ, նա վստահություն էր հայտնել, որ երկրի պետական բյուջեն կդիմակայի եկամուտների կրճատմանը։ Սակայն քաղաքացիները, առանձնապես հավատ չընծայելով այդ վստահեցումներին, փոխանակում են ազգային արժույթը դոլարով կամ եվրոյով։