2014 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանումը կրճատվել է մոտ 8 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ հիմնական պատճառը Ռուսաստան արտահանման կրճատումն է, քանի որ Ռուսաստանում նվազել է գնողունակ պահանջարկը:

«Ռուբլու արժեզրկման պայմաններում շատ ռուս գործընկերներ խնդրում են մեր արտահանողներին նվազեցնել գնային առաջարկները: Հակառակ դեպքում՝ նրանք չեն կարողանա իրացնել այդ ապրանքը: Այսինքն եթե ֆիզիկական արտահայտությամբ արտահանումը քիչ է կրճատվել, ապա գնային արտահայտությամբ՝ զգալի»,-հավելել է Մակարյանը:

Ինչ վերաբերում է 2015 թվականին, ապա գարնանը կսրվեն մի շարք խնդիրներ: «Դա վերաբերում է եւ ալկոհոլին, եւ պտուղ-բանջարեղենային պահածոներին, եւ հյութերին, եւ թարմ մրգերին ու բանջարեղենին»,-ասել է տնտեսագետը:

Նշենք, որ Հայաստանի ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության վիճակագրության համաձայն, 2014-ին ՌԴ արտահանումը 2013-ի համեմատ կրճատվել է 8 տոկոսով՝ կազմելով 308,4 մլն դոլար: