Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտոնական այցով այնտեղ գտնվող Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հանդիպումը։
Ինչպես գրում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։ Կողմերը բարձր են գնահատել նաեւ ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ համագործակցությունը։
Նրանք քննարկել են էներգետիկ, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում ու Աֆղանստանում համագործակցության հեռանկարները եւ ժողովրդավարության ինստիտուտներում երկխոսության անցկացումը։
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանում լարվածության թուլացման, բանակցությունների շարունակման եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցերի շուրջ։





























