Պետական գնումների ժամանակ տեղական բիզնեսին 15 տոկոս նախապատվություն տալու մասին պետության որոշումը լիովին արդարացված է։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
Նա հիշեցրել է, որ 2008թ. ՀՅԴ-ն նման առաջարկ էր արել, որը մերժվել էր Կառավարության կողմից՝ հավասար մրցակցության մասին ԱՀԿ կանոններին չհամապատասխանելու պատճառով։ «Մենք ուրախ ենք, որ հիմա Կառավարությունը գնաց այդ քայլին։ Հատկապես, որ մի շարք այլ երկրներում, այդ թում՝ հարեւան Թուրքիայում, այդ պրակտիկան արդեն գործում է»,- նշել է նա։ Մակարյանի կարծիքով՝ պետք է աջակցել ոչ միայն տեղական բիզնեսին ընդհանուր վերցրած, այլ նրա թիրախային խմբերին՝ կանանց բիզնեսին, հաշմանդամների ձեռնարկություններին եւ այլն։ «Արտասահմանում այս պրակտիկան նույնպես բավական տարածված է»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ համաձայն հանրապետությունում գործող նորմատիվ դաշտի՝ հայկական ընկերություններին նախապատվություն է տրվում պետական մրցույթներով մատակարարումներ իրականացնելիս։





























