Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին եւ գոհունակությամբ ընդգծել, որ վերջին տարիներին բարձրաստիճան հանդիպումները պարբերական բնույթ են կրում եւ նոր շունչ հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով փոխայցերի ժամանակ քննարկել եւ լուծումներ գտնել հայ-վրացական բազմազան օրակարգի արդիական հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ-վրացական եղբայրական եւ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են միջպետական մակարդակում, որտեղ, զրուցակիցների համոզմամբ, խորհրդարանականների դերն անփոխարինելի է:
Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին կարեւորել են նաեւ քաղաքական գործընկերության նման մակարդակի պարագայում երկու պետությունների կողմից ընթացիկ քաղաքական գործունեության մեջ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ եւ նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը:
Դավիթ Ուսուպաշվիլին գոհունակությամբ է խոսել երեւանյան այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքների մասին եւ շնորհակալություն հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Նա ընդգծել է, որ իր այցի նպատակն է՝ եւս մեկ անգամ շեշտել ու հստակ ուղերձ հղել Հայաստանի հասարակությանը, որ անկախ Հայաստանի եւ Վրաստանի ընտրած ինտեգրացիոն տարբեր ուղիներից, երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները մշտապես միասին են, կողք-կողքի: «Մենք ապրում ենք այնպիսի լարված տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, որ մեր ժողովուրդների համար չափազանց կարեւոր են խաղաղությունն ու կայունությունը: Համոզված եմ՝ որքան հաճախակի մենք հանդիպենք եւ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումները, օպերատիվ արձագանքենք առաջացող խնդիրներին, այնքան կնպաստենք մեր ժողովուրդների միջեւ բարեկամության եւ միջպետական կապերի առավել ամրապնդմանը»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նրա խոսքով, իր այս այցը եւս մեկ անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ չեն կարող լինել հիմնախնդիրներ, կան հարցեր, որոնք լուծելի են բանակցությունների ճանապարհով:
«Մեր երկրների հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ թույլ է տալիս անկեղծորեն եւ անկաշկանդ քննարկել բոլոր հարցերն ու համատեղ լուծման ուղիներ գտնել՝ պահպանելով ամուր բարեկամությունը: Հայաստանը մշտապես կարեւորում է Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման գործում»,- իր հերթին շեշտել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի խնդիրներին ու առկա մարտահրավերներին: Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Դավիթ Ուսուպաշվիլին խոսել են նաեւ Վրաստանի տարածքում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության հետ կապված հարցերի, Վրաստանի նոր արտոնագրային քաղաքականության իրականացման արդյունքում այդ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առաջացող որոշակի խնդիրների մասին եւս, քննարկել լուծման հնարավորությունները:
































