Պինգվինները չեն տարբերում քաղցր եւ դառը համերը, նրանց հասանելի են միայն աղին եւ թթուն: Նման եզրահանգման են եկել գիտնականները, որոնց կատարած ուսումնասիրութունը հրապարակվել է բրիտանական Current Biology գիտական ամսագրում:

ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետազոտողները, ուսումնասիրելով պինգինների գենոմը, հայտնաբերել են, որ համերի համար պատասխանատու մի շարք գեներ պինգվինները չունեն:

Ըստ BBC-ի, գիտնականները ենթադրում են, որ պինգվինները կարող են տարբերել ձկան աղի համը, սակայն քանի որ այս կենդանիները սնունդն ամբողջությամբ են կուլ տալիս, երբեմն ընդհանրապես կարիք չունեն որեւէ համ զգալու:

Ավելի վաղ Օքսֆորդի համալսարանը հայտարարել էր կամավորների հավաքագրելու մասին՝ Անտարկտիդայում պինգվիններին եւ նրանց ձվերը հաշվարկելու համար: Միաժամանակ նշվում էր, որ գիտական ուսումնասիրությանը կարելի է օգնել՝ «առանց բազմոցից բարձրանալու», հատուկ կայքի օգնությամբ:

«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, գիտական ծրագիրն արդեն 11.676 կամավորի է ներգրավել: Նրանց արդեն հաջողվել է համալսարանի կայքում տեղակայված պինգվինների 1.119.376 լուսանկար վերլուծել: