Երեւանի քաղաքապետարանի,  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Dasaran.am» կրթական ծրագրի, ինչպես նաեւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում ամփոփվել են «Դպրոցի արտաքին եւ ներքին տեսքի ամանորյա ձեւավորում 2014-2015» մրցույթի արդյունքները: «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 1435 դպրոցների շրջանակում ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել է մայրաքաղաքի, ինչպես նաեւ ՀՀ մարզերի ավելի քան 500 դպրոց: Աշակերտներից, մանկավարժներից եւ ծնողներից ձեւավորված խմբերը լուսանկարել են իրենց աշխատանքներն ու լուսանկարները տեղադրել Dasaran.am կայքում:

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրեններ:

Կարեւորելով ակտիվ համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ նախարարության հետ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նախ ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, ապա, խոսելով երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի մասին, նկատել, որ լավագույններին որոշելիս հաշվի է առնվել խմբային աշխատանքն ու աշակերտների կողմից ներկայացրած ձեռքի աշխատանքների գերակայությանը: Մրցույթի արդյունքներով առանձնացվել է 34 դպրոց, որոնք արժանացել են պատվոգրերի եւ խրախուսական մրցանակների: Հաղթող դպրոցներ են ճանաչվել եւ համակարգչով պարգեւատրվել Երեւանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 եւ Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցները, ինչպես նաեւ մարզային եւս երեք դպրոց: 

 «Մեր համագործակցությունն այսօր իսկապես արդյունավետ է, եւ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու դպրոցների խրախուսումը կարեւոր է նաեւ ծնող –աշակերտ - դպրոց կապի ամրապնդման տեսնակյունից: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին եւ լիահույս եմ, որ այսպիսի նախաձեռնությունները կլինեն շարունակական»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: