Իսրայելցի ջրասուզակները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են երկրի պատմության մեջ ամենախոշոր ոսկե դրամների պահուստը։ Հնագետները պնդում են, որ ոսկե դրամները կարող են պատմել ավելի խոշոր սենսացիոն հայտնագործության՝ խորտակված միջերկրածովյան նավի մասին։
Հնագույն Կեսարիա քաղաքի ավազանում 2 հազար հատ ոսկե դրամ է հայտնաբերվել, որոնք հատվել են 9-11 դարերում եգիպտական Ֆաթիմյան դինաստիայի կաղապարով։ Նշենք, որ Իսրայելի տարածքը այդ դարաշրջանում գտնվում էր Ֆաթիմյաննների տիրապետության տակ։
Հնագետները մի քանի վարկած են առաջ քաշել. «Հնարավոր է, մենք գտել ենք Իսրայելից հավաքած հարկերը Եգիպտոս տեղափոխող նավի խորտակման վայրը։ Նաեւ հնարավոր է, որ դրամները նախատեսված են եղել ֆաթիմյան զինծառայողներին աշխատավարձ վճարելու համար»,- ասում է Իսրայելի հնությունների կառավարման վարչության ծովային հնագիտության բաժնի տնօրեն Քոբի Շարվիթը։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ այդ վայրում խորտակվել է խոշոր վաճառական նավ։ Հնագետները կոնկրետ պատասխաններ ստանալու համար մանրազնին կուսումնասիրեն գանձի հայտնաբերման վայրը։





























