Հիասթափությունների այս աշխարհում ես ստիպված եմ ձեզ մի փոքր հիասթափեցնել, քանի որ եկել եմ մամուլի ասուլիսի, որ կարդամ միայն իմ ուղերձը հասարակությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, մամուլի ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոստանալով լրագրողների հարցերին պատասխանել ուրբաթ՝ փետրվարի 20-ին, ժամը 16-ին, Ազատությանհրապարակում:
Նրա խոսքով՝ այսօր նախագահական ընտրությունների տարեդարձն է, եւ այս ընթացքում իշխանության եւ ժողովրդի միջեւ անդունդը խորացել է:
«Անցած տարիները վկայում են, որ մենք անվերադարձ կորցնում ենք մեր պետության ապագան, եւ մեր խնդիրն է փրկել մեր երեխաների ապագան:
Իրավիճակը պետք է փրկի ժողովուրդը: Փրկարարի մասին շրջանառվող լուրերը կարելի է գնահատել որպես միֆեր»,-ասել է «Ժառանգության» առաջնորդը՝ հիշեցնելով Գյումրիի ողբերգության, սահմանային միջադեպերի եւ ծանր տնտեսական իրավիճակի մասին:
Նա հիշեցրել է «Ժառանգության» նպատակը՝ իշխանության ձեւավորում արժանապատիվ ընտրությունների միջոցով:
Միաժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրել է, որ պայքարը շարունակվում է. «Մենք այսօր գտնվում ենք աննախադեպ քաղաքական իրավիճակում, որը լուծում է պահանջում: Դե ֆակտո նախագահը գիտի՝ որտեղ գտնի դե յուրե նախագահին, իսկ մնացածը կհստակեցվի փետրվարի 20-ի երեկոյան «Ժառանգության» կազմակերպած հավաքում»:
Ավելի վաղ ԲՀԿ-ն ինքնուրույն որոշել է չեղյալ հայտարարել փետրվարի 20-ին եռյակի նախատեսած հանրահավաքը:





























