ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան համագործակցության շրջանակում 2015-ին կմեկնարկի «Հայկական տուն-Հայկական գյուղ» պայմանական անունը կրող նախագիծը՝ ՌԴ վաստակավոր շինարար, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քաղաքաշինության նախարարությունից:

Այս համատեքստում նախօրեին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ Սերգեյ Համբարձումյանը այցելել են Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարան՝ հանդիպել դասախոսական եւ ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ:  Նախագծի նպատակը ճարտարապետ ուսանողների ակտիվ ներգրավմամբ Հայաստանի բնակավայրերն (ներառյալ՝ Արցախը) ուսումնասիրելով մինչ այժմ պահպանված առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա, վերջիններիս ինքնատիպությունը շեշտող բաղկացուցիչ  տարրերի (թոնիր, մառան եւ այլն) օգտագործմամբ տիպային նախագծերի մշակումն ու իրականացումն է, ապա նաեւ՝ կոնկրետ բնակավայրի կամ՝ դրա առանձին հատվածի վերակառուցման օրինակով՝ պիլոտային ծրագրի կյանքի կոչումը: