Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը այսօր՝ փետրվարի 18-ին, կրկին չէր ներկայացել դատական նիստին, թեեւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով նրան տասը ժամով նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու սանկցիայի ժամկետն արդեն սպառվել էր։

«Հայկ Կյուրեղյանը պետք է ներկա գտնվեր այս եւ նախորդ դատական նիստերին, քանի որ տասը ժամն անցել է։ Դատական նիստերին չմասնակցելով՝ Կյուրեղյանը զրկվում է իր դատավարական իրավունքներից եւ ցանկացած միջնորդություն անելուց»,-  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց պաշտպանը հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։

Հանրային պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ Հայկ Կյուրեղյանը հրաժարվել է իր ծառայություններից եւ զրկել իրեն դատարանում հայտարարություններ, հարցեր եւ միջնորդություններ անելու լիազորություններից։

«Նա չի ցանկանում պաշտպան ունենալ։ Ես ինձ նրա պաշտպանը չեմ համարում եւ որեւէ կարծիք հայտնել չեմ կարող»,- ասաց Հոբոսյանը։

Չնայած որ պաշտպանը պնդեց, որ Հայկ Կյուրեղյանի բացակայության պայմաններում նիստը չի կարող շարունակվել, այնուամենայնիվ դատաքննությունն սկսվեց եւ դատարանում հարցաքննվեցին տուժողներ Արմինե Գրիգորյանը, Արտաշես Նիկողոսյանը, Քրիստինե Սարդարյանը, Միքայել Այվազյանը եւ Արայիկ Աբելյանը։

«Դեպքի օրը սովորականի նման ծառայություն էինք իրականացնում Կենտրոնի դատարանի առջեւ։ Հանկարծ սպիտակ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վրա մի երիտասարդ նկատեցինք, որը թռվռում էր, գոռգոռում, ասում էր՝ ստեղ ոստիկանություն չկա, դե եկեք, ինձ բռնեք։ Սկզբից չէինք մոտենում, բայց երբ զենքը նկատեցինք, անմիջապես մոտեցանք նրան։ Զենքը պահել էր վրաս, ասում էր՝ մոտ չգաս, կկրակեմ։ Հետո մյուս ձեռքում ինչ-որ իր նկատեցի, չէր երեւում՝ ինչ էր, բայց ասեց՝ չմոտենաք, կտրաքացնեմ։ Հետո կրակեց, ականջիս շրջանում ծակոց զգացի, պարզվեց՝ փամփուշտը մտել էր ականջիս մեջ։ Ոտքը սոտ տվեց, ընկավ մեքենայի դիմացը, անմիջապես մոտեցանք եւ ձեռնաշղթա հագցնելով՝ տեղափոխեցինք ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մոտի «Մակարով» տեսակի ատրճանակը եւ պայթուցիկ իրը վերցրինք։ Մեքենայում ամբողջ ճանապարհին սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս»,-ասաց ոստիկանության ավագ լեյտենանտ Միքայել Այվազյանը՝ պահանջելով Հայկ Կյուրեղյանին պատժել օրենքի ամբողջ խստությամբ։

Տուժող Քրիստինե Սարդարյանը, որի մեքենայի վրա էր դեպքի օրը բարձրացել Հայկ Կյուրեղյանը, պատմեց, որ հունիսի 12-ին որպես փաստաբան նիստի է եղել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ավարտից հետո դուրս է եկել,  փորձել է մոտենալ իր մեքենային, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

«Նիստից դուրս եկա, փորձեցի մոտենալ մեքենայիս, ոստիկանները չթողեցին։ Ոստիկանները պատմեցին կատարվածի մասին։ Նայեցի մեքենայիս, չճանաչեցի, ապշեցի»,- ասաց տուժողը՝ պնդելով 258 դրամի չափով մեքենային հասցված նյութական փոխհատուցման պահանջով իր քաղհայցը։

Մյուս տուժող ոստիկանները համանման ցուցմունքներ տվեցին, իսկ Սամսոն Ղարիբյանը, որը դատական նիստին չէր ներկայացել, կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 27-ին։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: