ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաեւ բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ եւ սերտ համագործակցության  հեռանկարներ կստեղծեն:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը եւ առաջարկել առաջիկայում կազմակերպել Հայաստանի եւ Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում եւ համագործակցության առավել լայն շրջանակների քննարկում:

Անդրադառնալով ողջ աշխարհին մտահոգող կարեւորագույն խնդիրներից Կլիմայի փոփոխության ռիսկերին, հարմարվողականությանը եւ այդ առթիվ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովին` կողմերն արտահայտել են իրենց մտահոգությունները եւ քննարկել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող եւ իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը:

Բնապահպանության նախարարն առաջարկել է համագործակցություն էկոտուրիզմի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների/ ԲՀՊՏ/ զարգացման ոլորտում, փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում կենսառեսուրսների եւ ԲՀՊՏ-ների կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաեւ Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության, ջրավազանային կառավարման պլանների մշակման եւ արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ստեղծման ոլորտում:  

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաեւ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ-ում իրականացվող Կանաչ եւ կայուն տարածքների զարգացման ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում  է իրականացնել  Վեդու ջրամբարի  կառուցման, ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության զարգացման եւ կայուն կառավարման աշխատանքներ: Այս համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է որպես ջրամբարի հարակից տարածք, որն ունի առանձնահատուկ եւ հարուստ կենսաբազմազանություն հենց «Խոսրովի անտառ» պետարգելոցում, իրականացնել կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագիրը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են  ուսումնասիրել բարձրացված հարցերը եւ առաջիկայում հանդես գալ առավել հանգամանալից  քննարկումներով եւ գործնական առաջարկություններով: