ՌԴ Մոսկվա քաղաքում կնոջ ու 9-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Խորեն Ղազարյանը հրաժարվել է ստի դետեկտորի ընթացակարգից։ Այս մասին գրում է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը՝ նշելով, որ դա տղամարդու համար իր անմեղություն ապացուցելու  հիանալի հնարավորություն կլիներ, քանի որ 50-ամյա Ղազարյանը չի ընդունում իր մեղքը եւ պնդում է, որ իր հարազատներին այլ մարդ է սպանել։

Նշենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել շաբաթ գիշերը Ղազարյանի՝ Կրեմլին նայող մոսկովյան առանձնատանը, որտեղ հայտնաբերել էին նրա կնոջ՝ 41-ամյա Վիկտորյայի եւ աղջկա՝ 9-ամյա Նինայի մարմինները՝ դանակից ստացած հարվածների հետքերով։ Դանակը ավելի ուշ հայտնաբերվել էր բնակարանի խոհանոցում՝ աման լվանալու մեքենայի մեջ։

Ղազարյանն ինքն էր ոստիկանություն կանչել եւ ներկայացրել կատարվածի իր տարբերակը, թե գիշերը տուն է եկել խաղատնից եւ դուռը փակ գտնելով՝ մտածել է, թե կինը նեղացել է, ուստի որոշել է գիշերել ավտոտնակում՝ մեքենայի մեջ։ Առավոտյան իր աշխատողին խնդրել է մտնել տուն տանիքից։ Ղազարյանի պնդմամբ՝ հենց իր աշխատողն էլ հայտնաբերել է մարմինները։

Նշենք, որ համաձայն նախնական վարկածի՝ առաջին զոհը եղել է Խորենի կինը։ Վիկտորյան վիրավորվել էր, սակայն հասցրել էր վազել մինչեւ 2-րդ հարկ, որի լոգասենյակում գտել էին նրա մարմինը։ Սպանությունից հետո Խորեն Ղազարյանը ցնցուղ էր ընդունել արյունից մաքրվելու համար։ Տղամարդը այս պահին ձերբակալված է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը զրուցել էր Հայաստանում Խորեն Ղազարյանի հարազատների եւ ընկերների հետ, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել ռուսական լրատվամիջոցներում հայտնված լուրերի կապակցությամբ՝ նշելով, որ դրանք պարզապես հերյուրանք են, քանի որ Ղազարյանը շատ հաշտ էր ապրում կնոջ հետ ու ընդունակ չէր նման քայլի դիմելու։