Մոլդովայում ազգային արժույթի անկման պատճառով բնակչությունը սկսել է խանութներից դատարկել մթերքներն ու այլ ապրանքները։ Խոշոր առեւտրի կենտրոններում հսկայական հերթեր են գոյացել։ Խանութները վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն 2-րդ անգամ են բարձրացնում ապրանքի գները։
Առավոտից կենցաղային տեխնիկայի խանութները փակ են ապրանքի գերագնահատման պատճառով։ Նկատվում է նաեւ վառելիքի թանկացում, գրում է ՏԱՍՍ-ը։
Անցյալ տարի մոլդովական լեյի փոխարժեքը դոլարի հանդեպ նվազել էր 20 տոկոսով, իսկ 2015թ. սկզբից՝ 25 տոկոսով եւ շարունակում է անկում գրանցել։
Երկրի Ազգային բանկի տնօրենը կատարվածը բացատրում է արտաքին գործոնների ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել մոլդովական գինու, բանջարեղենի, մրգերի ու պահածոների վրա Ռուսաստանի դրած արգելքը։ Պակասել են նաեւ Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները։ Անցյալ տարվա դեկտեմբերին այդ ցուցանիշը 2013թ. դեկտեմբերի հետ համեմատ 50 տոկոսով ցածր է եղել։ Իրավիճակը կայունացնելու համար Ազգային բանկը երեքշաբթի կտրուկ բարձրացրել է կարճաժամկետ գործարքների տոկոսադրույքը՝ 8.5 տոկոսից հասցնելով 13.5։





























