ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ալ Կասեմին պաշտոնավարման ընթացքում իր անձնական փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը: Ընդգծելով, որ հայ-արաբական հարաբերությունները պայմանավորված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր այդ հիմքի վրա Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները, որոնք կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունների շարքում: Հանրապետության Նախագահի խոսքով, հայ-էմիրաթական հարաբերություններն այդ փոխգործակցության լավագույն օրինակներից են:
Դեսպան Ալ Կասեմին վստահեցրել է, որ իր երկրում եւս Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ընդգծված ջերմ ու հարգալից վերաբերմունք կա: Նա իր համար մեծագույն պատիվ է համարել լինել Հայաստանում Էմիրությունների առաջին ռեզիդենտ դեսպանը եւ ընդգծել, որ աշխատանքն սկսում է երկու երկրների համար փոխշահավետ բոլոր ոլորտներում մոտ ապագայում հստակ հաջողություններ արձանագրելու վստահությամբ:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ ԱՄԷ դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, ներդրումների ներգրավման եւ այդ նպատակով հեռանկարային մի շարք բնագավառներում՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, առողջապահություն, զբոսաշրջություն, ավիացիա, ոսկերչություն եւ ադամանդագործություն, բանկային համակարգ, ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ այլն, որոշակի ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էմիրաթական փոխգործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ առկա մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարում նախատեսված միջոցառումներին:































