Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման ծառայության մի խումբ նախկին աշխատակիցներ այսօր՝ փետրվարի 18-ին, հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ՝ պահանջելով իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկի գումարները։

NEWS.am-ի հետ զրույցում նախկին աշխատակիցները նշեցին, որ նախագահականից իրենց մեկը մոտեցել է, սակայն չի ներկայացել։

«Մենք եկել ենք այստեղ, նախագահից պահանջում ենք՝ մի բան անի, որ մեր վերջնահաշիվը տան։ Գոնե մի հրաման տա, ստիպի, որ մեր փողերը տան։ Սաղս էլ մի հալի ենք, պարտքերի տակ ենք, պահանջում ենք, որ մեր վերջնահաշիվը տան, որ տանենք էդ մարդկանց փողերը տանք։ Մի հոգի նախագահականից մոտեցավ, բայց չներկայացավ, հարցրեց՝ երեկ գնացե՞լ եք թաղապետարան, ու թողեց, գնաց»,-ասաց հավաքվածներից մեկը։

Չնայած բազմաթիվ ապարդյուն ակցիաներին՝ «Կենտրոն մաքրություն» լուծարված ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները հույս ունեն, որ այս կերպ հնարավոր է՝ լուծվի իրենց աշխատավարձերի խնդիրը։

«Վերջին վարյանտ էդ ա մնում։ Գնում ենք տուն, երեխեքն են մեզնից հաց ուզում, մենք էլ գալիս ենք, նախագահից ենք հաց ուզում»,- ասաց նախկին աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարումից հետո աշխատակիցները ստիպել են եղել ազատման դիմումներ գրել, սակայն վերջնահաշվարկ այդպես էլ չի կատարվել: Աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերին աշխատել են մաքրության նոր օպերատոր «Սանիտեկ» լիբանանյան ընկերությունում, որն աշխատանքի դիմաց գումարի կեսն է վճարել: Աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկը եւ մեկ ամսվա աշխատավարձի կեսը ստանալու պահանջով մինչեւ այս բազմաթիվ բողոքի ակցիաներ են արել նախագահական նստավայրի եւ քաղաքապետարանի մոտ: