Ռուսաստանը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր ձեռնարկի Վրաստանը դաշինքի մեջ ներքաշելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք քննարկել ենք միջազգային ոլորտում մեր համագործակցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցով քննարկումներին Ռուսաստանի Եւ Հարավային Օսիայի պատվիրակության մասնակցության հարցը։ Մենք հաստատել ենք իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնությունների ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել 2008թ. դեպքերի կրկնությունից»,- ասել է Լավրովը Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Դավիթ Սանակոեւի հետ հանդիպման ավարտին, գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի կարծիքով՝ այս խնդիրը հատկապես արդիական է Թբիլիսիի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու շարունակական գործընթացի ֆոնին։ «Մենք միասնական ենք այն հարցի շուրջ, որ դա չի նպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանը եւ, բնականաբար, եթե այդ քայլերը գործնական բնույթ ստանան, ինչը, ըստ երեւույթին, արդեն կատարվում է, ապա մենք միջոցներ կձեռնարկենք՝ թույլ չտալու համար, որպեսզի այդ գործընթացները բացասական ազդեցություն ունենան ստեղծված իրավիճակի վրա»,- ընդգծել է նախարարը։


























