Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը «Aif»-ի թղթակցի հետ զրուցել է քաղաքականությոն եւ ստեղծագործելու մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Պարոն Ջիգարխանյան, հիշում եմ, որ Ձեր հարցազրույցում ջերմորեն եք արտահայտվել ԱՄՆ-ի մասին: Բայց վերջին սոցհարցումները փաստում են. մեծ թվով ռուսաստանցիներ ԱՄՆ-ին թշնամի են համարում:

Ես հնարավորություն եմ ունեցել զրուցել մեր նախագահի հետ: Նրան բաց տեքստով ասացի. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ավելի լավ է՝ ընկերություն անենք Ամերիկայի հետ»: Այո, դա դժվար երկիր է, հսկայական հավակնություններ ունի: Բայց կարծում եմ, որ ավելի խելամիտ կլինի նրանց հետ նորմալ հարաբերություններ պահպանել: Այդ դեպքում նրանցից մեզ համար շատ բան կվերցնենք: Իսկ դիմակայության համար անիմաստ ուժեր ենք վատնում: Ես շատ հստակ գիտեմ. եթե թշնամություն անենք, շուկայում կաշխատենք: Ընդ որում՝ վատ շուկայում: Հարկավոր է գործով զբաղվել, այլ չփորփրել հայտնի չէ, թե որտեղ... Այո, ներկայում դժվար իրավիճակ է: Մենք պետք է չկորցնենք պահը, երբ ժամանակը լինի դուրս գալ դրանից: Հակառակ դեպքում՝ կուլ կտա:

Ինձ զարմացրեց Ձեր՝ «մարդը ղեկավարվում է միայն սիրով եւ ատելությամբ» արտահայտությունը: Իսկ ի՞նչ կասեք խանդի մասին:

Խանդը նույն նախանձն է: Նա նախանձում է, որ այս կինն ուրիշին է պատկանում: Դա կյանքի ճշմարտությունն է: Ես սիրում եմ այդ ճշմարտությունը: Ամեն ինչում: Ես սիրելի բժիշկներ ունեմ: Միշտ նրանց խնդրում եմ. «Ավելի լավ է՝ ազնվորեն ասեք»: Թե ինչպես հաղթահարեմ այդ ճշմարտությունը՝ ինքս կհասկանամ: Այո, մեկ-երկու գիշեր չեմ քնի: Բայց փոխարենն իրավունք կունենամ ընտրել, թե ինչպես վարվեմ:

Այսօր հին ընկերները թշնամիներ են դառնում ոչ թե կնոջ, այլ քաղաքականության պատճառով: Ինչպե՞ս հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ կեղծիքը: Ինչպե՞ս չկռվել երկրի ներսում:

Ես երկար կյանք եմ ապրել, եւ գիտե՞ք ինչ եմ սովորել: Լսի՛ր օրգանիզմիդ, այն քեզ կհուշի: Շատ մանանեխ չես ուտի, շաքարավազ էլ շատ պետք չէ: Եվ իմ կատուն էլ ինձ մեկ այլ բան սովորեցրեց: Կենդանին երբեք չի պառկի այնպես, որ իրեն անհարմար լինի... Մենք անպայման դուրս կգանք այս իրավիճակից, ելք կգտնենք, եթե կարողանանք չխաբել եւ ազնիվ լինել ինքներս մեր առջեւ: Եթե մեզ համար ինչ-որ տեսություններ կհորինենք, ինչը մենք, ի դեպ, հիմնականում անում ենք:

Հայ հրաշալի գրող Հովհաննես Թումանյանը հանճարեղ հեքիաթ ունի՝ «Մի կաթիլ մեղրը»: Մարդը որսից տուն էր վերադառնում: Ճանապարհին շուկա է մտնում: Վաճառողին ասում է. «Ինձ մեղր տուր՝ տանեմ ընտանիքիս»: Եվ մի կաթիլ ընկնում է: Խանութի տիրոջ կատուն լիզում է այն: Որսորդի շունը հարձակվում է կատվի վրա, իսկ կատվի տերը սպանում է շանը: Եվ պատերազմ է սկսվում...

Ինչից ասես՝ կարելի է կոնֆլիկտ ստեղծել: Սիրելու ցանկությունից մինչեւ ատելու ցանկություն ընդամենը մեկ քայլ է:

Իսկ Ձեզ համար ի՞նչն է հիմք:

Ես հիմքում սերն եմ դնում: Իմ կարծիքով՝ մյուս տարբերակներն ավելի վատն են: Բայց որպեսզի հասնել սիրուն, հարկավոր է մեծ աշխատանք կատարել: Հասկանալ, թե ինչ մարդ ես դու: Ինչպես հայերն են ասում՝ քեզ նույնպես մայր է ծնել: Եվ կարեւոր չէ, որ քո մայրն ուզբեկ է, իսկ հայրդ՝ վրացի: