Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի նիստը, որը վարել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Համաձայն օրակարգի, խորհրդի քննարկմանն է ներկայացվել նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը, կառուցապատող ընկերության պատվերով, կազմել են կանադացի ճարտարապետները:
Նախագծի ներկայացումից հետո խորհրդի անդամներն արտահայտել են կարծիքներ, ներկայացրել իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Ընդհանուր առմամբ, նախագծի ներկայացված տարբերակի վերաբերյալ խորհուրդը տվել է եզրակացություն՝ ընդգծելով վերջինիս ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության եւ ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանությունը: Հաշվի առնելով նշվածը՝ որոշակի փոփոխություններից հետո նախագիծը կրկին կներկայացվի խորհրդի քննարկմանը:






























