Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդին:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ տիկին Նյուլանդի այցը Երեւան, նոր շունչ կհաղորդի հայ-ամերիկյան բարձր մակարդակի երկխոսությանը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այսպիսի այցերը լավ հնարավորություն են` քննարկելու ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցեր եւ համատեղ լուծումներ փնտրելու առկա խնդիրներին:
Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը, ում հետ օրերս է հանդիպել, նույնպիսի ակտիվությամբ կշարունակի իր նախորդի՝ Ջոն Հեֆերնի գործը՝ մեծ ավանդ ունենալով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների դերակատարությունը մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման գործում, հատկապես՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Միացյալ Նահանգների կառավարությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Վիկտորիա Նյուլանդը գոհունակությամբ է խոսել Հայաստան այցի շրջանակներում մինչ այս պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների մասին: Նա ընդգծել է, թե Միացյալ Նահանգները պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները: Տիկին Նյուլանդը նշել է, որ իր երկիրը խորապես շահագրգռված է օգտակար լինելու Հայաստանին՝ տնտեսության զարգացման, բարեփոխումների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացման հարցերում եւ ընդգծել վերոհիշյալ ուղղություններով Հայաստանում արձանագրված դրական ձեռքբերումները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հավաքական ջանքերին, մասնավորապես՝ Կոսովոյի եւ Աֆղանստանի խաղաղապահ գործողություններին շահագրգիռ մասնակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առկա մտահոգությունների վերաբերյալ, քննարկել բանակցություններն ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության արդյունավետորեն շարունակելու հնարավորությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրներին, մարտահրավերներին, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընթացիկ տարում Հայաստանում եւ արտերկրում նախատեսված միջոցառումներին:



































