Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի գործով նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռ չեն ստացվել: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը ներկայացնում է սպանվածի կնոջ՝ տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանի շահերը:

Փաստաբանը հայտնեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է, հնարավոր է՝ այն մինչեւ փետրվարի վերջ ավարտվի:

«Հարություն Գրիգորյանի հարազատները սպասում են նախաքննության ավարտին: Նրանք վստահ են, որ քննչական մարմինները համապատասխան գործողությունները կիրականացնի եւ օբյեկտիվ քննություն կընթանա»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նախաքննության ավարտից հետո կարելի կլինի խոսել մանրամասների մասին:

Այնուամենայնիվ, Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ գործով առերեսումներ դեռ տեղի չեն ունեցել:

Նշենք, որ այս գործով կալանավորվել է Արման Կատունյանը՝ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։