ԱՄՆ-ում դաշնային դատավորը հրաժարվել է ամբողջությամբ մերժել McDonald’s-ի դեմ ներկայացված կոլեկտիվ հայցը, որով ընկերությունը մեղադրվում է McRib սենդվիչի բաղադրության հարցում գնորդներին մոլորեցնելու մեջ, հայտնել է Reuters-ը։
Հայցվորները պնդում են, որ մսային կոտլետի ձևը նմանակում է խոզի կողոսկրերին և տպավորություն է ստեղծում, թե ուտեստը պատրաստված է մսի այդ ավելի թանկ հատվածից։
Չիկագոյի դաշնային դատարանի դատավոր Էյփրիլ Փերին, որտեղ գտնվում է McDonald’s-ի գլխավոր գրասենյակը, վաղաժամ է համարել ընկերության այն եզրակացությունը, թե ողջամիտ սպառողը չէր կարող ակնկալել, որ McRib-ը կողամիս է պարունակում։
Նրա խոսքով՝ ռեստորանի կայքում սենդվիչը նկարագրվում է միայն որպես խոզի միս պարունակող ուտեստ, իսկ գնորդները պարտավոր չեն ուսումնասիրել արտադրանքի բաղադրությունը՝ մոտ յոթ դոլար արժողությամբ արագ սնունդ գնելուց առաջ։
Դատավորը նաև նշել է, որ կոտլետի՝ կողոսկրերի հետ նմանությունն ընդգծող գովազդը կարող է սպառողներին դիտավորյալ մոլորեցնելու կասկածների հիմք տալ։ Միաժամանակ, նման մեղադրանքները հաստատելու համար լրացուցիչ ապացույցներ կպահանջվեն։ Հայցվորների որոշ պահանջներ դատարանը մերժել է։
Գնորդների պնդմամբ՝ McDonald’s-ն օգտագործել է խոզի մսի ավելի էժան տեսակներ, այդ թվում՝ թիակի միս և ենթամթերք, ինչի պատճառով սպառողները մենյուի ամենաթանկ ուտեստներից մեկի համար ավելի են վճարել։ Ընկերությունը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ McRib-ին սիրտ, կող կամ ստամոքս չի ավելացնում և միշտ բացահայտ տեղեկացրել է բաղադրիչների մասին։ McDonald’s-ում հայցը որակել են որպես փաստերը խեղաթյուրող և անհիմն։
McRib սենդվիչը ցանցի ճաշացանկում պարբերաբար հայտնվում է 1981 թվականից։





























