Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ փետրվարի 18-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, նվիրել է իր բանաստեղծությունների ժողովածուն,  հայկական ու ռուսական դասականներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նախարարը արդեն ստավել է Հերման Հեսսեի «Игра в бисер» գիրքը: Նա այժմ կարդում է Նիլ Ֆերգյուսոն «Քաղաքակրթություն` Արևմուտքը և մնացածը» գիրքը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն եւս այսօր պատրաստվում է նվիրել իր հեղինակած գրքերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռ գիրք նվեր չի ստացել, շատ կցանկանար ստանալ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը, Օրհան Փամբուկի «Իմ անունը կարմիր է» վեպը եւ այլն: Իսկ թե որն է նրա կարդացած վերջին գիրքը, պատգամավորն ասաց, որ օրինակ այսօր առավոտյան ընթերցում էր Հովհաննես Թումանյան, բայց դա անընդհատ կարդացվող գիրք է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը դեռ գիրք չի նվիրել, ոչ էլ ստացել: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ օրը դեռ նոր է սկսվում, մինչեւ 00.00 ժամանակ կա: Նա պատրաստվում է իր երեխաներին նվիրել գեղարվեստական գրքեր, կցանկանար նվեր ստանալ Ֆրանսուազ Սագանի գրքերից մեկը, իսկ վերջին կարդացած գիրքը Ռոջեռ Ֆիշերի «Beyond Machiavelli» գիրքն է:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, ում ծննդյան օրն է այսօր, գիրք չի պատրաստվում նվիրել: Նա նշեց, որ այն գրքերը, որոնք ցանկանում է, ինքն է անձամբ գնում: «Ինձ հետաքրքիր գրքերը անձամբ գնում եմ, ընդհանրապես գիրք չեմ նվիրում, տալիս եմ»,-ասաց նա: Լեւոն Մարտիրոսյանը առհասարակ իրեն համարում է ամենակարդացող պատգամավորներից մեկը, միաժամանակ մի քանի գիրք է ընթերցում, վերջին կարդացած գիրքն էլ Ստեփան Սեստանովիչի «Մաքսիմալիստն» է:

ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կնոջը նվիրել է գրքի տեսքով սիրո պատվոգիր, դրա հետ նաեւ թալիսման-զարդ: Իսկ թե ինչ գիրք կցանկանար նվեր ստանալ այսօր, պատգամավորը կեսկատակ, կեսլուրջ ասաց՝ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի կողմից (սեփականատերը Համլետ Ամիրխանյանը օրերս ինքնասպանություն է գործել) կառուցված Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքի իր բնակարանի սեփականաշնորհման վկայականը, որը գնել է, այժմ ապրում է, սակայն բնակարանը գրավադրված է: Պատգամավորի վերջին կարդացած գիրքը Հյուգոյի «Թշվառները» է: