Փետրվարի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարը մատնանշեց «շինարարության ոլորտում ներդրումային ծրագրերը խթանելու անհրաժեշտությունը»: Շինարարությունը, իհարկե, հարկավոր է զարգացնել: Խնդիրը միայն առաջնահերթությունների մեջ է: Անցյալ տասնամյակի փորձն ուսուցողական է: Շատ կազմակերպությունների ֆինանսական միջոցները ներդրվել են թանկարժեք բնակելի շենքերի շինարարությունում (վառ օրինակ է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան): Այն ժամանակ դա բավական հեռանկարային ուղղություն էր:

Ժամանակին բնակարանաշինության ոլորտում քաղաքացիների դերի մասին են վկայում 2008 թվականի տվյալները: Շահագործման հանձնված 515.200 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածքից «բնակչության» մասնաբաժինը 371.800 քառակուսի մետր կամ ավելի քան 72% էր:

Նշված տարում շինարարության ծավալները «բնակչության» հաշվին հասել են ռեկորդային մակարդակի՝ շուրջ 600 մլրդ դրամի (այս տարվա փոխարժեքով՝ գրեթե 2 մլրդ դոլար): Շինարարության ընդհանուր ծավալում «բնակչության» մասնաբաժինը գերազանցել է 70%-ի շեմը: Այնուհետեւ անկում է սկսվել եւ, անցյալ տարվա տվյալներով, այդ ցուցանիշը հասել է 25%-ի: Հաշվի առնենք, որ շինարարության ֆիզիկական ծավալներն այդ ժամանակահատվածում կիսով չափ կրճատվել են: Միաժամանակ, աճել է ոլորտի գների ինդեքսը. վերջին 8 տարիների ընթացքում՝ 1,4 անգամ:

Նույն 2008 թվականին շինարարությունը մեկ այլ ռեկորդ է սահմանել. ՀՆԱ-ում դրա մասնաբաժինը հասել է 27.1%-ի: Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը մի քանի անգամ ցածր է եղել, ԱՄՆ-ում կազմել է 5%-ից քիչ ավելի, Ռուսաստանում՝ 6%-ից պակաս: Չնայած այդ երկրների ՀՆԱ-ն անհամեմատելիորեն բարձր է, համամասնությունը չպետք է այդքան տարբերվի:

Տեղական արտադրության համար նույնիսկ «հյուսիսային պողոտաների» կառուցումը, իհարկե, դրական է: Սակայն այս դեպքում աճում է բազմաթիվ ապրանքատեսակների ներմուծումից ավելորդ կախվածությունը: Օրինակ՝ նույնիսկ անցյալ տարի, շինաշխատանքների բավական ցածր ծավալների պարագայում, ավելի քան 6.6 մլն դոլարի երեսպատման սալիկ է ներմուծվել: Չխոսենք արդեն այլ շինանյութի մասին: