«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի ջինսե տաբատի վրա առկա է արձակված գնդակի միայն մեկ հետք, քանի որ գնդակը մուտք է գործել բաց կոճակի արանքով՝ չվնասելով տաբատը: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնեց դատաձգաբանական փորձագետ Ռուդիկ Պողոսյանը՝ անդրադառնալով այն հակասությանը, որ Վալերիկ Հովհաննիսյանի տաբատին փամփուշտի միայն մեկ, այն էլ՝ ելքի հետք է առկա:
«Սա ենթադրություն է, բայց հիմնվելով այն փաստի վրա, որ տաբատին այլ վնասվածքներ չկան, միակ պարզաբանումն այն է, որ գնդակը ներս է թափանցել տաբատի դիմացի բացվածքով, հագուստը չի վնասվել»,- ասաց փորձագետը:
Դատարանում վերահարցաքննվեց նաեւ գործով ականատես վկա Վարդան Զոհրաբյանը, որը դատարան էր հրավիրվել մեղադրող Սարգսյանի միջնորդությամբ:
Մեղադրողին հետաքրքրում էր՝ արդյոք վկան տեսել, թե միայն լսել է կրակոցներ, եւ Գոռ Առաքելյանը ում ուղղությամբ է կրակել:
«Կրակոցներ լսեցի, խառնաշփոթ էր, փախնում էի Խանջյանի կողմը, թեքվեցի, տեսա՝ Գոռը 2 հատ կրակեց Վալերիկի ու Ներսեսի ուղղությամբ: Բայց չեմ տեսել՝ կպավ, թե չկպավ, հետո որ արյուն տեսա, նոր հասկացա՝ բայեվոյ զենք ա, մտածում էի՝ գազըվի ա»,- ասաց վկան:
Նշենք, որ վկա Վահան Հակոբյանը, որը, ըստ Գոռ Առաքելանի պաշտպանի, գործի բացահայտման հարցում կարեւոր տեղեկություններ կարող է հաղորդել, չէր ներկայացել դատարան վատառողջ լինելու պատճառով:
Դատական նիստը հետաձգվեց: Վկան կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ մարտի 4-ին:
Նշենք, որ այսօր՝ գործի նյութերին որպես իրեղեն ապացույց կցվեց «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























